Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Քանի այս ազգի արգանդը Նժդեհ է ծնում, հետո Լեոնիդ Ազգալդյան ու Մոնթե, էս ազգին սպանել հնարավոր չէ»

«Քանի այս ազգի արգանդը Նժդեհ է ծնում, հետո Լեոնիդ Ազգալդյան ու Մոնթե, էս ազգին սպանել հնարավոր չէ»
10.04.2009 | 00:00

«ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼ ԵՆ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ ՊԱՌԿԱԾ ՏՂԱՆԵՐԸ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, արվեստաբան, ազգագրագետ ու գիտնական ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ
-Պարոն Գինոսյան, Դուք ավելի շատ հայտնի եք որպես արվեստագետ, մշակութային գործիչ։ Քչերը գիտեն, թերևս, որ մասնակցել եք նաև Արցախյան հերոսամարտին, եղել մահապարտ։ Խոսենք այդ մասին։
-Ես եղել եմ Լեոնիդ Ազգալդյանի ստեղծած ազատագրական բանակի անդամ։ Նա էր գլխավոր հրամանատարը, սակայն մեր ջոկատի և իմ անմիջական հրամանատարը Ալեքսանդր Թամանյանն էր (ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը), ով հետխորհրդային տարիներին հայկական առաջին զենքերի հեղինակներից մեկն էր` Լեոնիդ Ազգալդյանի և Կարեն Գրիգորյանի հետ։ Երբ Լեոնիդ Ազգալդյանը զոհվեց, մենք «X» գաղտնի ջոկատ հիմնեցինք Թամանյանի գլխավորությամբ և ընդգրկվեցինք մահապարտների գումարտակում, որի հիմնական առաքելությունն ադրբեջանցիների առաջխաղացումը կասեցնելն էր: Նույնիսկ Վազգեն Սարգսյանն է ընդգծել, որ «X» դասակը շատ կարևոր հոգեբանական փոփոխություն մտցրեց մեր բանակի մեջ, և հայկական բանակը սկսեց տարբերվել սովետական բանվորագյուղացիական բանակից։ Հայ ազատամարտիկը հասկացավ, որ սա միայն ռամիկի ու ռանչպարի կռիվ չէ, այլ համազգային գաղափարական պատերազմ է, իսկ Արցախի ազատագրումն էլ մի խավի կամ մի սերնդի գործ չէ։ Կարևորվեց այն գիտակցությունը, որ հայկական բանակը պետք է մտավորականների բանակ լինի նաև։
-Որքանո՞վ է դա իրական այսօր։
-Ցավոք, այս գիտակցությունը հետագայում խեղաթյուրվեց և այսօրվա հայկական բանակի հետ գրեթե կապ չունի։ Եթե ուզում ենք, որ ժողովուրդը սիրի բանակն ու հարազատ լինի նրան, ապա սպայակազմի սերուցքը մտավորականության լավագույն ներկայացուցիչները պետք է լինեն, ինչը ժամանակին եղել է ցարական բանակում։ Քանի դեռ կասկածելի ինտելեկտի տեր սպայակազմ ունենք, հայ երիտասարդը խուսափելու է բանակից։
-Մինչև պատերազմը ներգրավվա՞ծ էիք շարժման մեջ, և ի՞նչը Ձեզ տարավ ճակատ։
-Այո, շարժման մեջ էի։ Հայաստանում բոլորն էին խանդավառված ազգային ազատագրական շարժումով, իսկ թե ինչու այդ խանդավառությունը գնալով մարեց, առանձին խոսակցության թեմա է։ Այդ հասունացման փուլը, բնականաբար, պետք է լիներ, որ մեր մեջ արթնանար մարտնչող հայի տեսակը։ Չնայած ես արդեն ծառայել էի խորհրդային բանակում, այնուհետև ԵՊՃՀ-ում ավարտել էի ռազմական ամբիոնը և ունեի սպայի կոչում, սակայն այդ օրերն իմ մեջ կերտեցին հայ զինվորի տեսակը։ Ասեմ նաև, որ 1987-ին Գարեգին Նժդեհ էի ուսումնասիրում, և նա էր, որ ինձ տարավ պատերազմ։ Որովհետև նրան ոչ միայն մտքով, այլև սրտով ճիշտ հասկացող մարդը գիտի` ամեն ակնթարթ պարտավոր է լինել այնտեղ, որտեղ ամենից շատ կա իր անհրաժեշտությունը։ Կարևոր չէ` ինչ դերակատարմամբ, կարևորը ճիշտ տեղում լինելն է։ Կյանքում փոքր դերեր չկան, կան վատ կատարված դերեր: Եվ ով զլանում է կատարել փոքրը, նրան մեծը չեն վստահելու:
-Արցախյան պատերազմից հետո ոմանց «մեծ դերեր» վստահվեցին, իսկ մյուսները մնացին արդեն իսկ խաղացած «փոքր դերերի» հիշողության հետ։ Սա չէ՞ր դանդաղ, բայց հիմնավոր մարող խանդավառության պատճառներից մեկը։
-Իմ կարծիքով, պատերազմին մասնակցած մարդիկ բաժանվում են երեք խմբի։ Առաջինը` սրիկաներ, ովքեր իրենց կռված լինելու փաստն օգտագործեցին սեփական շահերի համար` դառնալով ոչ թե բանակային, այլ կլանային բիզնես ոլորտներ վերահսկող վերնախավ: Սրանք, իհարկե, շատ ավելի փոքր տոկոս են կազմում, քան երկրորդները, ովքեր ծանր տարան այն իրողությունը, որ պետությունն արժանին չի հատուցում իրենց և նեղացան, հեռացան, բարոյալքվեցին, որովհետև ակնկալիքներ ունեին կռված լինելու դիմաց։ Իսկ երրորդ տեսակը նրանք էին, ովքեր ի սկզբանե ոչինչ չէին ակնկալում։ Նման մարդկանց չափանիշն ինձ համար Ալեքսանդր Թամանյանն էր, ով եկավ ու գլուխը կախ շարունակեց իր գիտությամբ զբաղվել։ Լեոնիդ Ազգալդյանն ու Մոնթե Մելքոնյանն էին, ովքեր մտքի ծայրով անգամ առուծախի չգնացին իրենց խղճի հետ։ Նրանք հաստատ բանակի փողերով «Ջիպ» չէին առնելու, առանձնատներ չէին կառուցելու, ինչպես արեցին ջիպավոր, ցմփոր ու հաստավիզ գեներալիկները։
-Պարոն Գինոսյան, ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղի հարցի լուծման ներկայիս փուլը։
-Իմ կարծիքով, Արցախի հարցը լուծել են Եռաբլուրում պառկած տղաները։ Այն լուծվել է յոթ հազար կյանքերի գնով, և ինչպես իմ լավ ընկեր, հնէաբան Սամվել Կարապետյանն է ասում` արյունով ազատագրվածը թանաքով չեն վերադարձնում:
-Դուք նման վտանգ տեսնո՞ւմ եք։
-Կարծում եմ` չկա այդպիսի վտանգ։ Կան որոշակի քաղաքական խաղեր ու շահարկումներ։ Իրականում ոչ մի տրամաբանող մարդ, առավել ևս` իշխանավոր, չի գնա նման քայլի, որովհետև պատասխան է տալու Աստծո, պատմության ու ժողովրդի առաջ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, կան Վեստ Սարգիսներ կամ Մերուժաններ, թող գան և փորձեն... Չէ, էս խաղն իրենցը չի։ Այս խաղում վաղուց հաղթել են տղաները։ Նժդեհի բառերով ասած` մեծ մեռելների աճյունից է հառնում հայրենիքը։
-Որպես ազգային արվեստի ամենաակտիվ գործիչներից մեկը, ի՞նչ գնահատական կտաք մեր մշակութային քաղաքականությանը:
-Օրեր առաջ հենց այս թեմայով ձեռքս ընկան մի քանի ասույթ։ Մեկը չինական էր, մյուսը` Պյութագորասինը, երրորդն էլ Լուկիավոս անունով մի հույն պատմաբանինը, ով ասել է` Հռոմը կործանվեց, որովհետև երաժշտությունը դադարեց դաստիարակել և ընդամենը զվարճացնում էր։ Չինական ասույթի համաձայն` պետությունն արարում ու պահում են կայսրերն ու երգիչները։ Պյութագորասն էլ ասում է` եթե արվեստի մեջ փոփոխություններ ես անում, փոխվում է նաև պետական համակարգը։ Իսկ ամենամեծ վտանգը ոչ թե արվեստ չունենալն է, այլ վատ արվեստ ունենալը, որը ոչ միայն չի դաստիարակում, նույնիսկ չի զվարճացնում, այլև սերունդ է փչացնում։ Դեռ նախորդ նախագահն էր ասում, որ մշակութային դաշտն ազատ են թողել, ում կարիքը կա, նա էլ կլինի ասպարեզում։ Իսկ անտեր թողած դաշտում միայն մոլախոտ է աճում, ու էսօր դա շատ ցցուն երևում է մեր մշակույթում։ Անգամ արտասահմանցիներն են զարմանում, որ Մաշտոցի շարական, Նարեկացու տաղեր ու Կոմիտասի «Կռունկ» ունեցող ազգի պետության առաջին դեմքն իր պաշտոնական հյուրին տանում է ջազ լսելու։
-Ի՞նչ կասեք ստեղծագործական միությունների ներսում ընթացող պայքարի մասին։
-Սա պետության բացակայության հետևանք է, ընդ որում, ոչ հարգելի բացակայության: Պետությունն ինքը պետք է իր մարտավարությունն ու ռազմավարությունը որոշի բոլոր բնագավառներում: Այնուամենայնիվ, կարևոր են միությունները, և ով գործ է անում, ոչ մի միության նախագահ էլ չի ուզում դառնալ։ Նժդեհն ասում է` իշխանության ձգտում է նա, ով առանց իշխանության ոչինչ անել չի կարող։ Իսկապես, կռվում են նրանք, ովքեր որպես գրող, նկարիչ կամ կոմպոզիտոր անելիք չունեն։ Դեռևս խորհրդային իշխանությունների ժամանակ գրեթե բոլոր գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները չկայացած գիտնականներ էին, կոմսոմոլի քարտուղարները մարդիկ էին, ովքեր չէին կայացել իրենց մասնագիտության մեջ։ Իսկ իր մասնագիտության մեջ չկայացած մարդը դառնում է իշխանական ռեսուրս։ Եվ սա միայն մեզ մոտ չէ, բոլոր երկրներում է այդպես։
-Անդրադառնանք Ձեր գլխավորած «Կարին» համույթին։
-Ինքս բախտ եմ ունեցել լինելու Հայրիկ Մուրադյանի աշակերտը, աղբյուրս այդտեղից է սնվում։ Նա ինձ համար եղել է մեծ ուսուցիչ, և նրա հետ հանդիպումը, կարող եմ ասել, շատ բան փոխեց իմ ճակատագրում։ Պարում եմ դեռևս 1987-ից, սակայն «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը հիմնադրվել է 2001 թվականին, ՀՀ ԿԳՆ մշակույթի կենտրոնում, ուր և գործում է մինչ օրս։ Կենտրոնը տնօրինում է Ս. Բալոյանը, ում աջակցությամբ նաև 800-ից ավելի երեխաներ խորությամբ ուսումնասիրում են ազգային մշակույթը։ Մեր խումբը մոտ 30 պար է վերականգնել, որոնք չկային Հայաստանում։ Հիմա դրանք պարբերաբար ցուցադրվում են հայ հանդիսատեսին, նաև «Հայ ասպետ» հեռուստատեսային խաղի միջոցով։ Ընդհանրապես, նյութերը հավաքագրում ենք տարբեր տեղերից, Ջավախքի ու Ախալցխայի գյուղերից։ Մինչև իսկ այս հարցում մեզ ԱՄՆ-ից են օգնել մարդիկ։ Բայց, իհարկե, փառք Աստծո, եղել է նաև Սրբուհի Լիսիցյանը, ով, կարելի է ասել, մեր պարի Կոմիտասն էր, և ով մոտ 3000 պար է գրառել։ Կան իր երկու աշակերտները, մեծ մտավորականներ Ժենյա Խաչատրյանը և Էմմա Պետրոսյանը, որոնցից ես շատ բան եմ սովորել, ընդհուպ պարերի գրառման համակարգը։ «Կարին» համույթի երգի խմբավարն էլ երգի մեծ գիտակ Լիլիթ Սաֆարյանն է, ում ջանքերով արդեն 3 տարի է, ինչ խումբը ոչ միայն ազգային պարերի վերականգնումով է զբաղված, այլ մոռացության թմբիրում հայտնված հազարամյա երգերի։ Եվ մեր ամենամեծ առաքելությունը ոչ միայն մշակութային գոհարները մոռացությունից փրկելն է, այլև նոր շունչ տալը, որպեսզի դրանք մեր ազգի համար ոչ թե շարունակեն մնալ թանգարանային նմուշներ, այլ վերստին դառնան մեր կենցաղի անբաժանելի մասը` վերջնականապես դուրս մղելով օտարամոլ, օտարահունչ և մանրապճեղ մշակույթը։ Սա ազգի լինելիության պայքարն է, ու մինչ օտարի ոտնձգությունից պաշտպանվելը մենք պետք է ինքնամաքրվենք ու դառնանք արժանի` մեր ազգի ճակատագրի բեռը կրելու։ Քանի այս ազգի արգանդը Նժդեհ է ծնում, հետո Լեոնիդ Ազգալդյան ու Մոնթե, էս ազգին սպանել հնարավոր չէ։
Զրույցը վարեց Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 8483

Մեկնաբանություններ